Լաստանավ

Միխաիլ Լերմոնտով
Ծովակի լուրթ մշուշի մեջ
Լաստանավ է նշմարվում.
Ի՞նչ է հեռվում փնտրում անվերջ,
Ի՞նչ է թողել մայր ափում...

Սուրաց քամին, ծովն ալիքվեց՝
Նավակայմն է սասանում.
Ճակատագրից խույս չտվեց,
Երջանկություն չի՛ փնտրում:

Ստորև՝ փայլուն կոհակ լազուր,
Երկնում՝ ճաճանչ ոսկեշոր,—
Բուք է խռով տենչում նա զուր,
Բուքն է կարծես թե անդորր:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի

Ձեզ սիրել էի

Իոսիֆ Բրոդսկի
Ձեզ սիրել էի... ու այդ սերը
Սղոցում է իմ ուղեղը:
Միգուցե դա գլխացավ է,
Չգիտեմ... գրող ու ցավ է:
Գնդակահարվել փորձել եմ,
Բայց զենքի հետ գլուխ չունեմ:
Լավ, իսկ քո՞ւնքը: Ո՞րը ընտրեմ.
Փչացնում է դողը ձեռքի,
Մեկ էլ ցեցը երկմտանքի:
Կա՞ ինչ-որ բան մարդավարի
Այս դարում, գրողը տանի:
Ձեզ սիրել էի ճարահատված
Ու շատ ուժգին, որ... տա Աստված:
Բայց ձեզ չի տա: Հույս էլ չկա՝
Պարմենիդեսը ձեզ վկա:
Նա՝ ընդունակ ամեն ինչի,
Չի կրկնի արյան կանչի
Բորբ հեշտանքը,
Պարթևաձև ոսկրաշարի
Հեծեծանքը,
Հրաբերան խառնարանի
Զուր տենչանքը
Դիպչել կրծքին...
Ո՛չ: Գեթ շուրթին:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի

Մութ գիշեր

Վլադիմիր Ագատով
Գիշեր է մութ, փամփուշտներ են սուրում ամենուր,
Եվ մրրիկն է սուլում լարերում, պաղ աստղերը փայլում են:
Մութ գիշերում, սիրելիս, վշտաբեկ ես, մոլոր,
Ու մանկան օրոցքին խոնարհված դու կրկին արտասվում ես:

Ա՜խ, ես այնպես կարոտել եմ խորունկ աչքերիդ,
Ու փափագում եմ հպվել շուրթերով…
Գիշերն է մութ, սիրելիս, բաժանել իրարից,
Մեր միջև մենաստան է խռով, սևադեմ ու անգութ:

Մութ գիշերում տոգորված հավատով, իմ անգին,
Քո հավատն է փրկել չարակամ, մահացու գնդակից:
Ծանր մարտում ես հանգիստ եմ, անգամ՝ խնդագին
Ու գիտեմ որ սիրով կսպասես ինչ էլ ինձ պատահի…

Մահն է ծանոթ՝ մենք հաճախ հանդիպել ենք իրար
Նա պտտվում է իմ շուրջը հիմա…
Ինձ ես սպասում՝ օրոցքին խոնարհված ու անքուն,
Եվ ուրեմն վստահ եմ. փորձանք ինձ էլ չի պատահի:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի

Պատահական վալս

Եվգենի Դոլմատովսկի
Մութն է սահում,
Ամպն է ննջում,
Իմ ափի մեջ սեղմած է ձեր ձեռքը
Անծանոթ ու այնպես անտրտում:
Վըտանգն անցավ,
Անհետացավ:
Քաղաքում այս փոքրիկ հնչող երգը՝
Մեղեդին էր վալսի ինձ կանչում:

Թեև մենք ընկերներ չենք բարի,
Ու հեռու եմ տնից հայրենի,
Կարծես տունը շատ մոտ է,
Ինձ տանջում է կարոտը…
Այս դատարկ դահլիճում
Մենք անխոս պտտվում՝
Լռությունն այնքան խորթ է.
Բայց խոսքեր չենք գտնում…

Կընկերանանք,
Եվ կերգենք:
Ես այս պարը ավա՜ղ մոռացել եմ
Ու խնդրում եմ որ ինձ դուք ներեք:
Այգն է բացվում,
Արշավանքում
Լքելով ձեր փոքրիկ այս քաղաքը
Մի պահ կանգ կառնեմ ձեր փողոցում:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի