Ո՞վ է մեղավոր


Ասում են թե հին-հնում
Արքայություն էր տիրում
Բերդերով իր անսասան
Ու ծովից ծով՝ Հայաստան:
Բայց և այնպես պատահեց
Որ երկիրը կործանվեց —
Բերդ ու ամրոց փառապանծ...
Մնաց մի բուռ հող ու հաց:
Ու էն մի բուռ հողի մեջ
Ծագեց մի սուր, մի թեժ վեճ.
Թե՝ բա ո՞վ է մեղավոր
Փորձանքներում մեր բոլոր:
Ով է դաժան ու բռի
Հրի մատնել ու սրի,
Մեր խեղճ ազգին հոգևոր,
Քաջարի ու դարավոր:
Մեկն ասավ. Բաբելոնը,
Մյուսն էլ թե՝ նենգ Հռոմը.
Բաժան-բաժան արեցին,
Կտոր-կտոր խլեցին:
Հետո եկան պարսիկները,
Արևմուտքից՝ չար հույները,
Սրանք էլ մեզ նեղեցին՝
Տուն ու կտուր այրեցին:
Քարը քարին չմնաց,
Մահ բերեցին, ողբ ու լաց:
Կրոնը մեր հեթանոս
Կորցրեցինք... շա՜տ ափսոս:
Հեռվից մի մարդ բղավեց.
Գրիգո՜րը մեզ սպանեց...
Հրեաները լցվեցին՝
Տաճարները քանդեցին:
Էլ ո՞վ մնաց, ո՞ւմ ասենք,
Արաբների՞ց բողոքենք,
Մոնղոլների օրդուի՞ց,
Սելջուկների՞ց, թուրքերի՞ց:
Էստեղ կանգնած ալևոր
Ծերունի մի զորավոր,
Սուրը հանեց պատյանից
ՈՒ ձայն խնդրեց ժողովից:
Որդիներ իմ քաջարի,
Չկա այսպես ազգ բարի,
Բայց չարիքներում բոլոր
Միայն մենք ենք մեղավոր:
Սխալն է հին դարերի
Եվ հզոր նախնիների,
Որ ոսոխի դեմ թզուկ
Մենք չդառանք մի բազուկ:
Որ չելանք մենք ոտքի,
Որ չտվինք ձեռք-ձեռքի,
ՈՒ օրհասական ժամին
Ամեն մեկը իր տեղին
Ճառ էր կարդում, թե՝ աղոթք,
Ճար էր խնդրում, թե՝ նզովք...
Բայց քչերն էին տենդագին
Ապավինում լոկ զենքին:
Այս էր տեսնում թշնամին
Ոտք դնելով սուրբ հողին:
ՈՒ հիմա էլ եթե գա
Իր ուզածը կստանա...
Էսպես ասեց ծերունին
Խելակորույս ամբոխին,
Որ փորձանքում առայսօր
Դեռ փնտրում է մեղավոր:

Ссылка на публикацию


Տարվա եղանակներ


Տեսա քեզ հեռվից,
Տան պատուհանից,
Գարուն էիր բացված՝
Զուգված, զարդարված:
Խոր շունչ քաշեցի,
Դուռը փակեցի.
Ասեցի՝ շուտ է,
Շուտ սերը սուտ է:

Ամառ էիր, ծաղիկ՝
Շուշան ու հասմիկ,
Տեսա քեզ նորից
Տան պատուհանից:
Հոգոց հանեցի,
Դուռը փակեցի.
Ամռանը շոգ է,
Սերը` ցնորք է:

Եկար և աշուն՝
Զվարթ ու նախշուն.
Անձրևն է լալիս,
Տան պատուհանիս:
Սաստիկ թրջվեցի,
Դուռը փակեցի.
Գուցե ուշ լինի՝
Սերը նուշ լինի:

Ձմեռը շուքով,
Ցրտաշունչ բքով
Ներկել է ճերմակ
Փողոց ու պուրակ։
Նայում եմ, փնտրում,
Բայց քեզ չեմ գտնում…
Լոկ ձյուն է գալիս
Տան պատուհանիս։

Ссылка на публикацию


Նոր Տարի


Օ՜, երանի այն օրերը
Երբ ըղձալի Նոր Տարին,
Լայն բացում է իր դռները
Մեր բոլոր մանուկներին:

Սպիտակ մորուս, կարմիր գոտի,
Մեղմ ժպիտը շուրթերին,
Ընծաներով պարկ շալակած՝
Կայցելի Ձմեռ Պապին:

Բոլորս ներս հիմա շարժվենք՝
Դեպ հեքիաթներ երազի,
ՈՒրախ երգով շուրջպար բռնենք.
Բարի գալո՜ւստ Նոր Տարի:

Արագ կանցնեն, կչքանան
Անուրջները այս բարի,
Սակայն մանկան վառ սրտի մեջ
Նրանք երբեք չեն մարի:

Արի՜, արի՜, մի՛ լքիր մեզ
Երջանկության բանալի,
Նորից պիտի կանչենք մեզ մոտ
Կախարդական Նոր Տարի:

Ссылка на публикацию


Գյուղի առավոտը


Արդեն լույս է, տե՛ս
Արև է բացվել
Եվ օդը կարծես
Ջերմությամբ լցրել:

Զանգակն է հորթի
Մեղմիկ ղողանջում՝
Մեր գյուղի հոտի
Պատգամը կանչում:

Մեծերը նստած
Խարխուլ օթախում,
Թևերը քշտած
Ալյուր են մաղում:

Հնձվորն է շտապում՝
Գերանդին սրում,
Դարբնոցի մուրճն է
Անդարդ զրնգում:

Հարսները տարված
Զրույց են անում.
Խնոցին կամաց
Տանում ու բերում:

Մանուկները ժիր
Վաղ արշալույսին
Առած գիրք ու գիր
Վազում են դասի:

Հովիվը սարում
Սրինգ է փչում
Ու սերը սրտում
Յարին ըսպասում...

Ссылка на публикацию


Ցմփորները


Հայաստանի ցմփորները
Գթասիրտ են ու բարի.
Չկան նրանց նմանները
Ողջ երեսին աշխարհի:

Հայաստանի ցմփորները
Այնքան հեզ են ու համեստ,
Որքան թշվառ աղքատները
Ճաշակել են ճոխ ուտեստ:

Հայաստանի ցմփորներից
Կիրթ, գրագետ մարդ չկա.
Վեհ են նույնիսկ պոետներից
Ձեզ ասեմ, աստված վկա:

Հայաստանի ցմփորները
Կարոտ են ցամաք հացի.
Պատժել է նրանց Տերը...
Երանի մի դուռ բացի:

Ссылка на публикацию


Հայրենի տուն


Հայրենի տուն կերթամ ես՝
Ալագյազի լանջերով,
Յասամանի փնջերով
Աստծո մատուռ կերթամ ես:
Սեգ սարերով հրակեզ,
Տավիղներով, տաղերով,
Աղբյուրի զով կարկաչով,
Նաիրյան բույն կերթամ ես:

Ссылка на публикацию


Էքսպրոմտ


Կապուտաչյա գեղեցկուհին
Լուռ նիրհում է աղջամուղջին,
Կոհակները լուրթ վարսերի
Փռած անշուք ավազներին:

Լայնաթիկունք ու վիթխարի
Շուրջն են խմբվել քաջեր արի.
Դա լեռներն են մեր Գեղամա,
Որ հսկում են քունը նրա:

Ссылка на публикацию


Հոկտեմբերի 27


Ոճիրը դարձավ աղ ու հաց,
Երբ հույսը մարեց քսանյոթին:
Թշվառ մի ածու որբացած...
Եվ դա՛ էր նշան ոսոխին:

Եվ դա՛ էր նոր սկիզբ արյունի
Ժայթքող սպիացած վերքերից,
Եվ դա՛ էր նոր սկիզբ տականքի
Ծնվող դժոխքի արգանդից:

Նոր սկիզբ մատնության,
Նոր սկիզբ պարտության,
Սկիզբ անարգանքի
Եվ ավարտ կյանքի...

Ссылка на публикацию


Աշնան քամի


Փեշերն են աշնան փռվել ճամփեքին,
Հյուսվածքը՝ տերև. կարմիր ու դեղին,
Եվ զգեստն այդ նախշուն պտտում է քամին՝
Կրկին հիշեցնում նման մի մեկին...

Քշում է, տանում տերևները հին,
Ծառեր մերկացնում՝ մատնելով ցրտին:
Իր երգն է սուլում անողոք քամին՝
Կրկին հիշեցնում նման մի մեկին...

Եվ նա ցրտաշունչ երգում է ուժգին,
Շաչում, գալարվում շիվար ծառերին:
Խոստում է տալիս անպաճույճ ու սին
Քամին... հիշեցնում նման մի մեկին:

Ссылка на публикацию