Գավառական դիսկոտեկ


90-ականները շատ ծանր էին մեր քաղաքի համար. մի կողմից պատերազմը, մյուս կողմից համատարած թալանն ու կողոպուտը... թվում էր թուրքերը երկու կողմից էին հարձակվել՝ դրսից ու ներսից: Բայց այդ ծանրության տակ ճռռացող հասարակ արհեստավորի ողնաշարը մերթընդմերթ ցանկություն էր հայտնում ուղղվել, թոթափել լարվածությունն ու... պարել:

Դեպքը պատահեց օգոստոսյան մի երեկո: Բակում բոլոր խաղերից զզված երեխաները որոշել էին Թումանյանի հեքիաթների մոտիվներով փոքրիկ ներկայացում ցուցադրել շենքի լուսամուտներից նայող ու այգիների վարուցանքից հոգնած տուն շտապող հարևանների համար: Մեկը կասետային մագնիտոֆոն էր բերել (եթե չեմ սխալվում «Весна-201»), մյուսը՝ դրա սնուցման համար ավտոմեքենայի կուտակիչ (դե հոսանք չկար), երրորդը ինչ-որ ձայնագրություններ՝ ներկայացման ֆոնի և ընդմիջումների ժամանակ միացնելու համար: Ծնողներից մեկն իր վրա էր վերցրել սցենարիստի, ռեժիսորի և հնչյունային օպերատորի դերն ու գիրքը ձեռքին հրահանգներ էր տալիս շփոթված երեխաներին: Ժամանակի սղության պատճառով մի պիտանի բան չստացվեց. մութն ընկնելուն պես նրանց մեծ մասը ցրվեց տներով, մյուսները մնացին բակում ու չգիտեմ ում մոտ ցնդած միտք առաջացավ. ի՞նչ կլինի, եթե մագնիտոֆոնին կցել բարձրախոսներ ու պարեղանակ միացնել: Իսկույն ևեթ գետնի տակից բսնեցին խիզախներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին ծնողներից թաքուն տնից բերել բարձրախոսներ ու ձայնագրություններ: Տաս րոպե հետո գրեթե կատարյալ մթության մեջ մենք բոլորով փորձում էինք միացնել հայթայթված բարձրախոսները մագնիտոֆոնին ու լապտերի լույսի տակ ընտրում, թե որ ձայնագրությունը պիտի պայթեցնի մեր ու հարակից շենքերի քար լռությունն ու լեղաճաք անի բնակիչներին: Ի վերջո ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց գերմանական «Snap!» խումբը իր հանրահայտ «I've got the power» երգով: Միացնելուց առաջ մի քանի ակնթարթի ընթացքում պատկերացրեցինք, թե ում ինչպես կպատժեն ծնողները, ով ինչ ծեծ է ուտելու այս խուլիգանության համար: Բայց դե գործն արված է, ետդարձի ճամփա այլևս չկա...

Մեկ, երկու, երեք... և կատարյալ լռությունը պատռվեց կիթառի առաջին ակորդներով, իսկ դրանց հաջորդող հարվածայինները դղրդացին ողջ թաղով մեկ, զնգզնգացնելով երկրորդ և երրորդ հարկի պատուհանների ապակիները: Բնակիչները՝ մեծ ու փոքր, ով զարմացած, ով բարկացած, ով այլայլված դեմքերով դուրս թափվեցին պատուհաններից, փորձելով մթության մեջ նշմարել փոքրիկ խուլիգանների դեմքերը, որպեսզի բողոքի նոտա հղեն նրանց ծնողներին:
— Տիգրա՜ն, շո՛ւտ բարձրացիր տուն:
— Արթուր, դո՞ւ ես: Հլա արի տուն...
— Գո՛ռ, էդ ի՞նչ եք անում, այ տղա...
Ծնողների կանչը մնաց անպատասխան: Ոչ ոք չէր պատրաստվում գնալ տուն: Պահն այնպես էր հիպնոզացրել բոլորիս, որ նրանց բարկացած ձայները, սպառնալիքները կորցրել էին իրենց մոգական ազդեցությունը:
Հանկարծ շքամուտքից դուրս վազեցին շենքի երեխաները՝ տղա, աղջիկ ու սկսեցին պարել. ցատկոտել, ինքնամոռաց պտտվել, անբռնազբոս ու երբեմն անճոռնի շարժումերով արտահայտել իրենց մարմնի պահանջը՝ պարզապես ապրել մանկան անհոգ, խաղաղ կյանքով...
Բակը լի էր երեխաներով: Մենք փորձում էինք իրար ետևից նվագարկել պարեղանակները, արագ փոխելով ձայնագրությունները: Երկու «դիջեյ» գրիչով պտտացնում, նախապատրաստում էին հաջորդ կասետները, որպեսզի երաժշտությունը գեթ մեկ վայրկյան չդադարի: Բայց կարճ ժամանակ անց շքամուտքի աստիճաններին մենք նկատեցինք երեխաներից մեկի ծնողներին, ովքեր առանց շտապելու մոտենում էին մեզ: Մթության մեջ մենք չէինք տեսնում նրանց դեմքի արտահայտությունը, բայց մտածում էինք, որ բոլորիս վերջն եկել է: Նրանք խորացան վախից անշարժացած երեխաների բազմության մեջ, միգուցե փնտրելով իրենց չարաճճիին ու... սկսեցին պարել: Դա այնքան անսպասելի էր թե՛ մեր համար, և թե՛ բարկացած բնակիչների համար, որ մի պահ բոլորը ջուր կտրեցին, չհասկանալով ինչ է կատարվում: Պատուհանից նայող բնակիչների որոշ մասը դժգոհ ներս մտավ, մյուսները դադարեցրին սպառնալիքների տարափն ու լուռ շարունակեցին հետևել զարգացումներին: Հանկարծ մի հասուն զույգ ևս հայտնվեց շքամուտքում և արագ միացավ պարող բազմությանը: Կես ժամվա ընթացքում մեր բակը վերածվեց դիսկոտեկի՝ մեծ ու փոքր ցատկոտում էին օգոստոսյան աստղաշատ գիշերվա շողերի ներքո ինչպես մի բացօթյա ակումբում: Վաղն առավոտյան նրանք պետք է հերթական անգամ կանգնեին կտրոնով հացի կիլոմետրանոց հերթում, դույլերով ջուր կրեին մոտակա ցայտաղբյուրից լվացվելու ու մի բաժին ճաշ եփելու համար, լուռ արցունքով ճանապարհեին նոր, մատղաշ ազատամարտիկի անշնչացած դին...
Բայց դա վաղը: Այս գիշեր նրանք մոռացության էին տվել բոլոր հոգսերն ու թոթափել լարվածությունը, ուղղել ողնաշարը...

Մեր բացօդյա դիսկոտեկը գործեց մինչև աշնանային ցրտերը: Այն սկսվում էր ամեն երեկո և տևում մինչև ուշ գիշեր: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում էին նաև մեծերը՝ ամեն կերպ աջակցելով մեզ տեխնիկական խնդիրների հաղթահարման գործում: Փայլփլուն աստղերից բացի տարածքն արդեն լուսավորվում էր տոնածառի լույսերով՝ երաժշտության ռիթմին համահունչ:


03/11/2022 թ.
Ссылка на публикацию