Իջնում է ձյունը

Սալվատորե Ադամո
Իջնում է ձյունը
Եվ դու չես գալու ինձ մոտ,
Ծածկում է ձյունը
Մթագնած հոգիս կարոտ:

Թավշյա փաթիլները՝
Անխոս արցունքները,
Խենթ հավքի երգի մեջ
Պտտվում են անվերջ:

Ա՜խ, քեզ չեմ տեսնի այսօր,
Ցնորված եմ ու մոլոր,
Երբ ձյունը գալիս է,
Պտտվում ու լալիս է:

Իջնում է ձյունը
Եվ չկա թախծին ավարտ,
Ծածկում է ձյունը
Մենությունս հուսահատ,

Հուշի փաթիլները,
Պաղ լուսե երազը,
Ճերմակ լռության մեջ
Պտտվում են անվերջ:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի

Զգացմունք

Արթյուր Ռեմբո
Ամռան լազուր երեկոյան ես կգնամ անտառ ու արտ,
Թարմ կանաչը տրորելով ու լողալով հասկի ծովում
Կերազեմ... ինձ պարուրող ու արբեցնող հովը հանդարտ
Կզրուցի վարսերիս հետ՝ մեղմ շշուկով և անտրտում:

Լռության մեջ ես չեմ խորհի ու չեմ խորշի աշխարհից սին,
Սերն է անմար, բոցկլտացող սրտիս խորքում լոկ ինձ գգվում:
Կթափառեմ հեռու-հեռվում գնչուի պես... և միասին
Բնության հետ՝ ինչպես սիրող մի էակի կրքոտ գրկում:

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի

Հափշտակված սիրտ

Արթյուր Ռեմբո
Կաթում է սրտից ապականություն...
Ցնցոտիներով, կեղտոտ նկուղում
Թրջված, բանտարկված իր բախտն է սգում:
Հափշտակված սրտի խռով մենություն...

Իմ սիրտն է, այո, նավի նկուղում
Գարշահոտության, կեղտաջրի մեջ,
Նզովյալ ու սին, անարգված ու խեղճ,
Ցնցոտիներով, կեղտոտ անկյունում...

Տախտակամածին՝ այնտեղ, վերևում
Լափում են արագ, լափում են անհագ
Իմ միսն ու արյունը լափում են վայրագ
Ու չեն կշտանում: Այնտեղ, վերևում...

Ոսկոր առ ոսկոր ջարդում են, ծամում
Մասունքները իմ կուռ ժանիքներով՝
Ժանգոտած, նեխած... ու հայհոյանքով
Թևերը քշտած սրտիս մոտենում...

Օ՜ ծով անսահման, քե՛զ եմ աղերսում.
Խորտակիր այս նավն անիծյալ անհետ,
Ջախջախի՛ր, փշրի՛ր, որ կորչի հավետ:
Իմ սիրտն էլ լվա քո պարզ ջրերում...

Բնագիր
Հայերեն թարգմանությունը՝ Տ. Աբգարյանի